Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների ընտանիքում:
Հայրը եղել է վանեցի և աշխատել որպես հանձնակատար ծեփագործ արհեստավոր:


Ընտանիքում եղել են 4 եղբայր` Հակոբ, Հովհաննես, Հայրապետ, Ստեփան:


Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Բերա թաղի սբ. Էջմիածին ազգային դպրոցում:


1838-41 թթ. սովորել է Սկյութարի սբ. Երուսաղեմի անվ. ազգային գիշերօթիկ ճեմարանում, որտեղ կատարյալ յուրացրել է հին և նոր հայերենը, հայ մշակույթի պատմությունը:


1841-42 թթ. սովորել է Կ. Պոլսի Մեկթեբի Սուլթանիե լիցեյում:


1842 թ. օգտվելով Թանզիմաթի ընծայած թույլտվությունից ընդունվել է Կ. Պոլսի Գալաթասարայի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը:


1847 թ. Եգիպտոսի փոխարքա Մեհմեդ Ալի փաշայի ներկայությամբ ավարտական փայլուն քննությյուն է հանձնել։


1847 թ. վարժարանը գերեզանց ավարտելուց հետո ստացել է բժշկի վկայական և հազարապետի աստիճան:


Համարվում է այդ վարժարանի առաջին հայ շրջանավարտը:


1847 թ. որպես լավագույն ուսանող Սուլթան Մեճիտի հրամանով նշանակվել է պետական կրթաթոշակ և Օսմանյան բանակի զինվորական համազգեստով ուղարկվել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում և նրա կլինիկաներում վիրաբուժական մասնագիտություն ստանալու:


1848 թ. քննությունները հանձնելուց և դոկտորական թեզ պաշտպանելուց հետո ստացել է Վիեննայի համալսարանի դոկտորի վկայագիր:
Վիեննայում թուրքիայի դեսպան Շեքիպ էֆենդին նրան իր հետ տարել է պրինց Մետեռնիխի հյուրասիրություններին։


1848 թ. վերադարձել է Կ. Պոլիս, և լինելով վիրաբույժ, նշանակվել է Կ. Պոլսի Պեյլերպեյի զինվորական հիվանդանոցի բժշկապետ, որտեղ բուժվում էին խոլերայով հիվանդ թուրք զինվորները:


Օսմանյան կայսրության և Թուրքիայի ներքին օրենքներով որոշված էր, որ բժշկության բոլոր վտանգավոր բնագավառներում պետք է աշխատեին միայն հայ բժիշկները:


Այնուհետև նշանակվել է Սպարապետության Սերասքեր Քափուսու հիվանդանոցի բժիշկ:


1849 թ. վերջին ստացել է դեր-գնդապետի աստիճան, «բեյի» տիտղոս և նշանակվել Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանի վիրաբուժության օգնական դասախոս:


1849-50 թթ. դասավանդել է «Առաջին բուժօգնություն» առարկան:


1849 թ. նրա ջանքերով վերականգնվել է «Նարեկյան ընկերությունը»:


1853 թ. ամուսնացել է արքունի ճարտարապետ Օհաննես Սերվերյան ամիրայի դստեր հետ:


1857 թ. Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասից տեղափոխվել է Բերա թաղամասը:


1857 թ. հայրենիքին լավագույնս ծառայելու համար արժանացել է գնդապետի  աստիճանի:


1857-79 թթ. ծառայել է նույն վարժարանի արտաքին ախտաբանության, տեսական և գործնական վիրաբուժության կարգավորյալ պրոֆեսոր:


1859 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:


Այդ տարիներին պատրաստել է բազմաթիվ որակյալ բժիշկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են Օսմանյան կայսրության բժշկության երևելի դեմքերը:


1858 թ. եղել է Հայոց Ազգային գերագույն ժողովի ատենապետը:


1859-61 թթ. եղել է Կ. Պոլսի Պեյօղլու թաղամասի 6-րդ բաժնի խորհրդի անդամ:


1860 թ. աջակցել է Ազգային Սահմանադրությունը պատրաստող Գ. Աղաթոնին, Գ. Օտյանին, բժ. Նահապետ Ռուսինյանին, բժ. Սերովբե Վիչենյան և ուրիշներին:


1863-64 թթ. միաժամանակ եղել է հանրային կրթության տեսուչ:


1865-70 թթ. դասավանդել է «Օպերատիվ վիրաբուժություն»:


1869 թ. հիմնադրել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի բժշկական ընկերությունը` Բոսֆորի ասիական ափի բժիշկների մասնակցությամբ:


1870 թ. հայրենիքին լավագույնս ծառայելու հանմար արժանացել է փաշայի զինվորական տիտղոսի և զորապետության «միրիլավա» աստիճանի:


1870-80 թթ. եղել է Սպարապետության բարձրագույն խորհրդի բժշկական և առողջապահական մարմնի անդամ և ատենապետ:


1871-72 թթ. դասավանդել է «Ֆիզիոլոգիա» առարկան:


Եղել է Սալիհ Էֆենդիի անձնական բժիշկը:


1875-76 թթ. նշանակվել է Թուրքիայի եվրոպական մասի` Ռումելիի ընդհանուր առողջապահության տեսուչ:


1875-80 թթ. եղել է Հայոց Ազգային ընդհանուր ժողովի ատենապետը:


1877-78 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Օսմանյան բանակում ծառայել է որպես զինվորական բժիշկ Ավստրիայում:


1877 թ. պետության հրամանով կայսերական բանակի համար բժիշկներ ընտրելու նպատակով ճամփորդել է Եվրոպայում:


1878 թ. գտնվել է Թուրքիայի Էդիրնե քաղաքում, որպես Սաֆֆետ փաշայի բուժական գծով տեղակալ:


1878 թ. երբ ավարտվել է Ռուս-թուրքական պատերազմը, մեծ դեր է կատարել հայերի ցավալի վիճակը Ռուսաստանի պետության ուշադրությանը հրավիրելու և հայտնի 16-րդ հոդվածը Այա-Ստեֆանոյի դաշնագրի մեջ դնել տալու համար:


Հեղինակ է բազմաթիվ բժշկական հոդվածների:


Ըստ բժիշկ-պատմաբան Վահրամ Թորգոմյանի, նրա անտիպ հուշերը կորել են տարիների թոհուբոհում:


Հարգված լինելու և բարձր դիրք ունենալու պատճառով ունեցել է նաև նախանձողներ ու թշնամիներ թուրք բարձրաստիճան զինվորականների շրջանում:


1879 թ. որպես սբ. Հակոբի վանական, վարչական և հաշվական գործերի լիազոր քննիչ մեկնել է Երուսաղեմ:


Իր քննությունների տեղեկագիրը ներկայացրել է Կ. Պոլսի ընդհանուր ժողովին և արժանացել նրա շնորհակալությանը:


1879 թ. զգալով իր շուրջը խտացող զազրելի ու վտանգավոր մթնոլորտը, որ առաջացել էր թուրք պաշտոնակիցների «շնորհիվ», բժիշկը ինքնակամ հրաժարվել է զինվորական ասպարեզից, դուրս եկել զինվորական բժշկական վարժարանից և անցել թոշակի:


Այդ ամենից խիստ վիրավորված, կամավոր կամ բուժման նպատակով հեռացել է Եգիպտոս և որոշ ժամանակ ապրել Կահիրեյում, որտեղ շարունակել է զբաղվել բժշկությամբ:


1884 թ. վերադարձել է Կ. Պոլիս, սակայն կարճ ժամանակ հետո մեկնել է Ֆրանսիա:


1884-89 թթ. Կ. Պոլսից բացակայելու ընթացքում նրան ամբաստանել են իբրև «գյավուր», Օսմանյան գահի դավաճան, թուրք զինվորական համազգեստին անարժան և այլն:


Սուլթան Համիդը հավատալով զրպարտանքներին շնորհազրկել է վաստակաշատ բժիշկ պրոֆեսորին:


1889 թ. մի ականավոր հայի` Արթին փաշա Տատյանի բարեխոսության շնորհիվ Սուլթանը թույլ է տվել, որ բժիշկը վերադառնա Կ. Պոլիս, որից հետո վերադարձել և  բնակվել Կ. Պոլսի Կուզկունջուք թաղամասում:


1891 թ. հրաժարվել է Քաղաքական ժողովի անդամությունից:


1897 թ. վերջերին կարողացել է վերականգնել նաև իր զինվորական աստիճանին վայել իրավունքները:


Հետագա տարիները ապրել է նյութական դժվարությունների ու աղքատության մեջ:


Պրոֆեսորը մշտապես գտնվել է Կ. Պոլսի հայ կյանքի հորձանուտում: Աջակցել է հայկական դպրոցների կրթական վերելքին, զբաղվել է եկեղեցանվեր, կրթասեր բարեգործական գործունեությամբ:


Նրա ջանքերով է կառուցվել Կ. Պոլսի Բանկալթիի հայոց գերեզմանատան սբ. Լուսավորիչ եկեղեցին:


1859 թ. եղել է Հայկական սահմանադրությունը կազմող խորհրդի անդամ:


1873 թ. եղել է Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի աշխարհիկ խորհրդի անդամ:


1876-80 թթ. եղել է Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր խորհրդի նախագահը:


1896 թ. եղել է Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի աշխարհիկ խորհրդի նախագահի տեղակալը:


Իր պահպանողական հայացքների համար խստորեն քննադատվել է Հակոբ Պարոնյանի կողմից, ընկնելով նրա «Ազգային ջոջերի» մեջ:


Պարգևատրվել է արծաթյա և ոսկե մեդալներով, Օսմանիե և 3-րդ աստիճանի Մեճիտիե պատվանշաններով, ինչպես նաև օտար պետությունների պատվանշաններով:


Մահացել է 1902 թ. նոյեմբերի 17-ին, Կ. Պոլսում:


Թաղվել է Շիշլիի հայոց գերեզմանոցում:


Բժիշկ Վահրամ Թորգոմյանը պատմել է, որ Ստեփան Արսլանյանի անտիպ շատ արժեքավոր հուշերը մի հայ ընտանիքի կողմից վերցվել են պատճենելու նպատակով և չեն վերադարձվել իրեն:


Հարություն Մինասյանի հեղինակած
«Հայազգի բժիշկ-գործիչներ» գրքից

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ